Հունիսին Արաբական Միացյալ Էմիրություններում կանցկացվեն արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց ու կանանց աշխարհի առաջնությունները: Մասնակիցների մեջ են 2009-ի արագ և 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը:
Առաջին երեք օրերին` հունիսի 16-18-ին, կանցկացվի արագ շախմատի մրցաշարը, որը բաղկացած կլինի տասնհինգ պարտիայից, յուրաքանչյուր օր` հինգ պարտիա: Առանձին վերցրած ամեն պարտիայի համար տրվում է տասնհիգ րոպե` գումարած յուրաքանչյուր քայլի համար ավելացվող տասը վայրկյանը: Հաջորդ երկու օրերին շախմատիստներն ուժերը կփորձեն կայծակնային շախմատում: Կխաղացվի քսանմեկ պարտիա` շվեյցարական մրցակարգով: Յուրաքանչյուր պարտիա կտևի երեք րոպե` գումարած ամեն քայլի համար ավելացվող երկու վայրկյանը:
Երկու մրցաշարերի մրցանակային հիմնադրամը 400 հազար դոլար է: Յուրաքանչյուր մրցաշարի հաղթող կստանա 40, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 32, երրորդը` 26 հազար դոլար: Գումարներ են սահմանված մինչև քսանչորսերորդ տեղը գրաված մարզիկների համար: Առաջնությանը մասնակցելու ցանկություն հայտնած գրոսմայստերների թվում են Վիշվանաթան Անանդը, Շահրիյար Մամեդյարովը, Պյոտր Սվիդլերը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Ռուսլան Պոնոմարյովը, Էթիեն Բաքրոն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ